Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Որակյալ կրթությո՞ւն, թե՞ անորակ «12-ամյա»

Որակյալ կրթությո՞ւն,  թե՞ անորակ «12-ամյա»
23.05.2014 | 12:15

Կրթության և գիտության նախարարությունը պարտադիր է համարում մի բան, որը գոյություն չունի: Խոսքը 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր դարձնելու մասին է:
Օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ի ամբիոնից պատգամավորներին համոզում էր, որ 12-ամյա պարտադիրը պարտադիր է, քանի որ 3-5 հազար աշակերտ 9-րդ դասարանից հետո ոչ մի կրթական հաստատությունում չի շարունակում ուսումը: Նախարարի մտահոգությունը գալիք սերնդի կրթական մակարդակը բարձր պահելն է: Լիովին հասկանալի և ողջունելի է այս մտահոգությունը, սակայն պարտադիր բաղադրիչը շատ վիճահարույց տարրեր է պարունակում կրթության առումով:
Սկսենք ամենագլխավորից։ Մոտ վեց տարի է, ինչ նախարարի թեթև ձեռքով 12-ամյա կրթությունը հաստատվեց ՀՀ-ում, ինչի արդյունքում ձևավորվեցին ավագ դպրոցներ: Այս առումով Հայաստանը կրկնեց Եվրոպային, բայց իրականում ապահովեց այդ կրթության միայն վիզուալ կողմը: Մինչ օրս չկա ավագ դպրոցին հարիր հստակ մշակված կրթական ծրագիր: Այս խնդրի հետ համաձայն է նաև նախարարը, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Փաստը մնում է փաստ` ծնողները դժգոհ են: Մենք մտածված հարցում կատարեցինք գիտության ոլորտում աշխատող ծնողների շրջանում, փորձելով հասկանալ՝ արդյոք գո՞հ են 12-ամյա կրթական ծրագրերից: «Ավելի ճիշտ է խոսել ծրագրի բացակայությունից: Այն գիտելիքը, որ տրվում է հատկապես 9-րդ դասարանից հետո, ծրագիր անվանել չի կարելի: Ավելի շուտ կարելի է ասել՝ անցած ինը տարիների ծրագրերի կրկնություն, այն էլ՝ վատ տարբերակով: Ընդհանրապես, կրթությանը շատ փոքր ուշադրություն է դարձվում, և խնդիրն այստեղ բոլորովին էլ 12 կամ 10-ամյա կրթությունը չէ: Գնալով կրթական ծրագրերը դառնում են պրիմիտիվ, սահմանափակ, ինչը չի նպաստում աշակերտի երևակայության, ներքին զարգացածության մակարդակի բարձրացմանը: Հակառակ դրան, գնալով բարդացվում են ձևակերպումները»,- նշում էին մեր զրուցակիցները, իսկ ոմանք էլ, համեմատելով իրենց փոքր և մեծ տարիքի երեխաների դպրոցական տարիները, ընդգծում էին, որ 7-8 տարի առաջ ավարտած երեխաների կրթության, զարգացածության մակարդակն ավելի բարձր է, ի տարբերություն իրենց փոքր երեխաների, ովքեր «ընկել են 12-ամյայի տակ»:
Այս ֆոնի վրա, երբ 12-ամյա կրթությունն առանձնապես ոչնչով չի նպաստում երեխաների կրթության որակի բարձրացմանը, հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ չարաբաստիկ 12-ամյան դարձնել պարտադիր: Այսպես թե այնպես, ծնողները ճիշտ են` վերջին 4 տարիներին թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները մտահոգված և զբաղված են վերջին զանգի, երեկույթի կազմակերպման և ուսուցիչների նվերների ընտրության գործընթացով: ՈՒրեմն ինչո՞ւ այդ գործընթացը դարձնել պարտադիր, ո՞ւմ է այն ձեռնտու:
Այս պահին դժվար է ասել, բայց որ պարտադիրը «կայծակ և որոտմունք» կդառնա միջին մասնագիտական կրթության գլխին, անկասկած է: Փաստ է նաև այն, որ 9-րդ դասարանից հետո հազարավոր աշակերտներ իրենց ուսումը շարունակում են տարբեր քոլեջներում, ինչն ունի իր տրամաբանական բացատրությունը: Երեխան 18 տարեկան հասակում ստանում է և՛ միջնակարգ, և՛ մասնագիտական կրթություն, որից հետո կարող է շարունակել ուսումը բուհերում` չկորցնելով տարիները: Բուհ չընդունվելու կամ սոցիալական գործոնի պատճառով, հնարավորություն չունենալու դեպքում, մարդն ստանում է մասնագիտություն, որը նրան պետք կգա հետագայում: Բացի այս կարևոր գործոնից, կա նաև մեկ այլ ոչ պակաս խնդիր: 12-ամյա կրթությանն անցնելուց հետո «կիսամեռ» միջին մասնագիտական կրթական հաստատությունները վերակենդանացան, ի վերջո, շունչ քաշեցին, իսկ այս նոր օրինագծով, 12-ամյան պարտադիր դարձնելու դեպքում, այս կրթօջախները սնուցող զարկերակները կփակվեն, և շատ երեխաներ կհայտնվեն կոտրած տաշտակի առջև: Ինչո՞ւ հասուն, 18-ը լրացած տղան կամ աղջիկը պետք է քոլեջ գնա, եթե կարող է 18-ում արդեն այն ավարտել՝ մասնագիտություն ձեռք բերած:
Որ կողմից էլ փորձում ենք դիտել պարտադիրի պահանջը, այն անցանկալի է: ՈՒրեմն ո՞ւմ է այն ձեռնտու: Կրկին այս հարցադրումն է գլուխ բարձրացնում. երբ որևէ օրենքի պահանջ տրամաբանական չէ, այս հարցից չես փախչի: Գուցե խնդիրը ոչ թե շահի, այլ իներցիայի մե՞ջ է: Վերջերս պարտադիր բաղադրիչը մոդայիկ է դարձել, բայց հիշեցնենք, որ այն ոչ միայն պահանջարկված չէ ժողովրդի կողմից, այլև տխուր ավարտ ունեցավ կենսաթոշակների դեպքում:


Հասմիկ ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ